Հինգ հազար կյանք զոհած, պատերազմում պարտություն կրած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանի արևելյան սահմանամերձ շրջաններից զգալի տարածքներ զիջած և «Զանգեզուրյան միջանցք» անունով թուրքական երազանքին կյանք տված վարչապետը շուրջօրյա օրակարգով կուրծք է ծեծում, թե խաղաղություն է բերել, խաղաղություն է բերել...
Ասես աշխարհում խաղաղություն ո՛չ եղել է և ո՛չ էլ լինելու է, այն միս ու արյուն է դարձել միմյան նիկոլ փաշինյանի փառապանծ քաղաքականության շնորհիվ։
Թարս նստենք և շիտակ խոսենք։
- Խաղաղությունը ավելի շատ իրենի՞ց` նիկոլ փաշինյանից է կախված, թե՞ Իլհամ Ալիևից։
Եթե ինքը սպառնալիք լիներ Ադրբեջանի հանրապետության համար և ցուցաբերելով մեծագույն կամք` զսպեր իր կատաղությունը հարևան երկրի նկատմամբ ու պատերազմ չսանձազերծեր, կարելի է ասել, որ խաղարարը մեր պանծալի վարչապետն է։
Փաստը մնում է փաստ, որ պատերազմական նկրտումներ ունի հարևան երկրի նախագահը և նա, միայն և միայն նա է ով մեծահոգաբար չի հարձակվում Հայաստանի հանրապետության վրա։
Էստեղ են ասել` ո՞վ իրեն զոռի, ով սանատորիա գնա...
Հետևաբար, խաղաղարարը նախ և առաջ Իլհամ Ալիևն է և ոչ երբևէ նիկոլ փաշինյանը։
Ասենք, դե, ինչու՞ պատերազմի, եթե իր ուզածը կարող է ստանալ և ստանում է առանց պատերազմի։
Եթե անգամ Խաղաղության Նոբելյան մրցանակ տրվի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու անվանակարգով, ապա փաշինյանին այն պիտի տրվի ուզածը տալու, իսկ Ալիևին` ստանալու համար։
Այդ իսկ պատճառով այսուհետ նիկոլ փաշինյանին սատարողներին խորհուրդ եմ տալիս խնկարկել Իլհամ Ալիևի անունը, եթե իսկապես այդքան թանկ են գնահատում խաղաղությունը և հատկապես նրա արարողին։
Դե, ուրեմն, գոչեք միաբերան.
- Փառք ու պատիվ Իլհամ Ալիևին, ով մեզ խաղաղություն բերեց ու այսպիսի երջանիկ և ուրախ կյանք պարգևեց։
27.10.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ